Образование

Armenpress: ՃՇՀԱՀ-ում ռուսաց լեզվի ինտերակտիվ ուսուցման կենտրոն է բացվել

Compressed file

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պահպանելով և զարգացնելով ռուսաստանյան բուհերի հետ համագործակցության մեկդարյա ձևավորված ավանդույթը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) առաջին հարկի 2128 լսարանում՝  ՀՀ-ում  Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի և ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանում բացվել է տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված, ինտերակտիվ ուսուցման  ռուսաց լեզվի առաջին կենտրոնը։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի  քարտուղար Ժասմին Վիլյանը: Այն  հնարավորություն կտա աշակերտներին, ուսանողներին և դասախոսներին հեռահար եղանակով օգտվել ռուսաստանյան բուհերի գրադարաններից և նպատակ ունի երկկողմանի արդյունավետ դարձնել կրթության կազմակերպման գործընթացները։ Ռուսաց լեզվի կենտրոնը բացվել է Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի նախաձեռնությամբ և «Ռոսգոստրախ-Արմենիա» ընկերության աջակցությամբ։ Կենտրոնի բացումը բարձր են գնահատել ՀՀ-ում ՌԴ-ի գործերով ժամանակավոր հավատարմատար  Ալեքսեյ Սինեգուբովը, ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Կողմերն ընդգծել են կենտրոնի  դերը որպես լայն հարթակ հայ-ռուսական կրթական և գիտական  համատեղ ծրագրերի իրականացման տեսակետից։

Կենտրոնի բացման շրջանակներում Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների միջև կնքվել է համագործակցության պայմանագիր՝ ստորագրումը իրականացվել է հեռահար եղանակով: Ռուսական կողմից պայմանագիրը վավերացրել է Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի  համալսարանի ռեկտոր Ալեքսեյ Դիմիդովը, հայկական կողմից՝ ՃՇՀԱՀ ռեկտոր Եղիազար Վարդանյանը։ Համագործակցության պայմանագրի նպատակն է զարգացնել և ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների կրթության գիտության, մշակույթի բնագավառներում , այդպիսով իսկ ներդրում ունենալ երկու երկրների սոցիալ- տնտեսական զարգացման գործընթացում և համաշխարհային գիտակրթական տարածքում ապահովել համալսարանների ավելի լայն ինտեգրումը։

Սանկտ Պետերբուրգի արտադրական տեխնոլոգիաների և դիզայնի, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ուսանողները և դասախոսները կարող են համատեղ մշակել կրթական ծրագրեր, իրականացնել կրթական և գիտահետազոտական նախագծեր, միջազգային ծրագրերի շրջանակներում համագործակցել գիտական և կրթական ծրագրերում, դասախոսների և գիտաշխատողների փոխանակում կատարել և կազմակերպել մի շարք այլ գիտակրթական միջոցառումներ և դասավանդումներ։

https://armenpress.am/arm/news/1037867.html?fbclid=IwAR0L1WwfPQ_e_RhEdk77WBQWb_L1xhX2IdizMKZaOo2bXIXbC2WIY-oZzfs